Ի՞նչ է ԲԼՎ-ն
Գոյություն ունի հավելյալի ներմուծման 3 տեսակ՝ հավելյալ սննդի ավանդական ներմուծում, մանկավարժական սնուցում (педагогический прикорм) և հավելյալի ներմուծում երեխայի առաջնորդությամբ (այն է baby led weaning, այսուհետ` ԲԼՎ):
Հավելյալ սննդի ավանդական ներմուծման դեպքում ծնողները հավելյալը սկսում են շիլաներով` կամաց-կամաց ծանոթացնելով տարբեր մթերքներին և արդեն 1 տարեկանին մոտ սկսում են երեխային նստեցնել իրենց հետ ճաշելու` թույլ տալով օգտվել ընդհանուր սեղանից։
ԲԼՎ-ի դեպքում ծնողները բաց են թողնում շիլաների ժամանակահատվածը և միանգամից անցնում երեխայի հետ միասին սնվելուն' թույլ տալով երեխային օգտվել մեծահասակների սեղանից, ուտել ինքնուրույն և ընտրել առաջարկված ուտելիքներից որը և ինչքան է երեխան նախընտրում ուտել։ Երեխան առաջին ամիսներին ուտում է թաթիկներով (համապատասխան չափի կտորներով կտրատված սնունդը մայրիկը դնում է երեխայի դիմաց, երեխան ինքնուրույն բռնում է եւ ուտում), այնուհետեւ՝ մի քանի ամիս անց, սկսում է սովորել գդալ/պատառաքաղին (սկզբից նախօրոք լցված գդալ/պատառաքաղն է մայրիկը դնում դիմացը, որ երեխան վերցնի, ուտի, հետո արդեն ամանով ճաշը գդալ/պատառաքաղի հետ դրվում է երեխայի դիմացը, որ ինքնուրույն վերցնի, ուտի)։
Իհարկե լիովին բնական է, որ երեխան սկզբից ուսումնասիրելու է, թե ինչ է ուտում։ Կարող է վերցնել, ճզմել, քսել սեղանին, թափել, լպստել, կծել, ործկալ, թքել... Այդ ամենը լիովին նորմալ է, երեխան պետք է ուսումնասիրի ու ճանաչի այն, ինչ ուտում է։ Սնունդն ուսումնասիրլու ու թափելու ժամանակահատվածը մի փուլ է, որը կանցնի։