Վերջին անգամ թարմացվել է:

Ործկալ/Խեղդվելու մասին

Մայրիկներին անհանգստացնող ամենահաճախակի պատճառը ԲԼՎ կիրառել-չկիրառելու վերաբերյալ խեղդվելու վտանգն է։ Դուք կարող եք անհանգստանալ, որ գուցե Ձեր 6 ամսական բալիկն ի վիճակի չլինի կոշտ սնունդ ծամել, ուտել կամ կարող է կտոր կուլ տալ և խեղդվել։ Մասնագետները հավաստիացնում են, որ խեղդվելու ռիսկը ԲԼՎ կիրառելիս լիովին նույն հավանականությունն ունի, ինչ հավելյալը ավանդական ձևով ներմուծելիս, այսինքն՝ շիլաներով, միազանգված ճաշիկներով գդալով կերակրելիս։ Խեղդվելու հավանականությունը նվազում է շնորհիվ երեխայի ործկալու ռեֆլեքսի։

Ործկալու ռեֆլեքսի մասին

Երեխաները ծնվում են ործկալու ռեֆլեքսով, որը տեղակայված է լինում բերանի առաջնային մասում։ Այնուհետև ամիսների ընթացքում (մոտավորապես 8+ ամսականներում) ռեֆլեքսը կամաց-կամաց տեղափոխվում է հետ՝ դեպի բերանի ետնամաս, որտեղ և ընդմիշտ պահպանվում է։ Այն ստեղծված է շնչուղին պաշտպանելու համար։ Ործկալու ռեֆլեքսի շնորհիվ երեխան սովորում է հավելյալ սնունդ ուտել։ Այսինքն լրիվ հեղուկ սնունդից անցնում են կոշտ սննդի։ Ոչ մի երեխա ի սկզբանե չգիտի ինչպես ուտել հավլյալ սնունդ։ Ժամանակի ընթացքում բալիկը սովորում է ծամել կոշտ սնունդ և գնահատել դրա չափերը։ Երեխայի ործկալու ռեֆլեքսը ավոտմատ կերպով դուրս է հրում այն, ինչը մոտենում է շնչուղուն (լինի դա ուղղակի կոշտ որևէ օբյեկտ, օրինակ՝ գդալ, թե սնունդ): Քանի որ սկզբնական շրջանում ործկալու ռեֆլեքսը բերանի ամենաառաջնային մասում է տեղակայված, Դուք նույնիսկ կարող եք նկատել, թե ինչպես է բալիկը որձկում նույնիսկ թաթիկները կամ ատամներ քորելու որևէ խաղալիք ուտելիս։ Երեխայի բերանում առկա են ռեցեպտորներ, որոնք "գնահատում են" բերան մտնող սննդի չափերը և մեծ լինելու դեպքում առաջացնում են "հետադարձ շարժում", ինչի շնորհիվ երեխան ործկում է։ Այդ ռեֆլեքսը ստեղծված է խեղդվելուց պաշտպանելու համար։
Ործկալը լիովին նորմալ է։ Երբ երեխան ործկում է, նա սովորաբար մարմինն առաջ է բերում' լայն բացելով բերանը և լեզուն առաջ հրելով։ Նա կարող է կարմրել։ Ործկալիս երեխան կարող է հազալ, շնչել, ձայներ հանել։ Երբեք մի միջամտեք, եթե երեխան ործկում է, երբեք մի փորձեք մատերով բերանից հանել սնունդը։ Այդպես Դուք կարող եք վնաս հասցնել, այսինքն' սնունդն ավելի խորը հրել, որի պատճառով երեխան կարող է խեղդվել։ Մի փորձեք երեխային հետ պառկացնել կամ հանել կերակրման աթոռից, թույլ տվեք աշխատացնել իր ործկալու ռեֆլեքսը։ Կարող եք խոսել երեխայի հետ ընթացքում, ասել, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինի, բայց մի միջամտեք։ Որոշ երեխաներ ործկում են անձայն, սակայն դրա հետ մեկտեղ խուճապ չեն ունենում, ուղղակի մի քանի վայրկյան անձայն են լինում, բայց չեն կապտում։ Խիստ կարևոր է իմանալ, որ խեղդվելիս երեխան սկսում է կապտել։ Երեխաների մի մասը կարող է ործկալ, փսխել, դա լրիվ նորմալ է և անհանգստանալու առիթ չէ։ Որոշ երեխաներ ուղղակի ործկալու շատ զգայուն ռեֆլեքս ունեն։ Երեխան կարող է որձկալիս նյարդայնանալ, նեղվել, վախենալ։ Դուք կարող եք երեխային գրկել, հանգստացնել միայն որձկալուց հետո, ոչ թե ընթացքում, այլ որձկալ վերջացնելուց հետո։ Երբ երեխան հանգստացավ, կարող է շարունակել ուտել, եթե ուզում է։ Շատ երեխաներ հանգիստ են տանում որձկալը և շարունակում են հանգիստ ուտել կարծես ոչինչ էլ չէր եղել, մյուսները կարող են նյարդայնանալ, լացել և չուզենալ այլևս շարունակել ճաշելը։ Երկու դեպքերն էլ նորմալ են, եթե ուզում է, թող շարունակի ուտել, եթե ոչ' ավարտեք ճաշը։
Ծնողի անհանգստությունը խեղդվելու վտանգի հետ կապված նորմալ է։ Ձեզ կօգնի տեղեկացված լինելը, այսինքն՝ տարբերելը ործկալու ռեֆլեքսը (որը լիովին նորմալ է և միջամտության կարիք չունի) խեղդվելուց (որի դեպքում անհրաժեշտ է միջամտել):

Խեղդվելու մասին

Խեղդվելիս երեխան սկսում է կապտել, չի կարողանում շնչել, աղմկել կամ հազալ։ Եթե շնչուղին արգելափակված է, երեխան ի վիճակի չի լինի բացարձակ ոչ մի ձայն հանելու, ծնոտն ու կողերը մի տեսակ ներս քաշված կլինեն կարծես երեխան փորձի խորը շունչ քաշել։ Դա խեղդվելու նշան է։
Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն, եթե երեխան խեղդվում է, դիտեք այստեղ։

 
Ինչպես խուսափել խեղդվելու վտանգից:
  • Վստահ եղեք, որ երեխան պատրաստ է հավելյալ սնունդ ուտել, կարողանում է գլուխն ուղիղ պահել, մեջքն ուղիղ պահած նստել առանց գլորվելու/հենվելու
  • Սնունդը ճիշտ կտրատեք։ Սկսնակների համար սնունդը պետք է կտրել մեծահասակի մատի երկարութան ու հաստության, դա կօգնի երեխային սովորել ճիշտ չափի կտոր կծել, ծամել, դուրս թքել։ Փոքր կտորներով կտրտած սնունդը սկսնակի համար խեղդվելու վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է առանց ծամել փորձելու կուլ տալ։ Կարող եք մանր կտորներ կտրատել, երբ երեխան արդեն կսովորի ծամել և կկարողանա արդեն երկու մատով սնունդ վերցնել։
  • Խեղդվելու վտանգ նեըկայացնող սնունդը մատուցեք համապատասխան։ Սիմետրիկ կլոր մթերքները (հաղարջ, խաղող, բալ, չերրի լոլիկ, նրբերշիկ, պանրի ձողիկ) բաժանեք երկարությամբ 4 մասի։ Մի տվեք ամբողջական հատիկով ընդեղեն, ընդեղենի կարագ գդալի վրա, պոպկորն։ Բնական փոքր հատիկավորները (ինչպիսիք են ոլոռը, բրինձը, հնդկաձավարը, եգիպտացորենը) վտանգավոր չեն, դրանք շնչուղուց փոքր են, կարող եք առանց տրորելու խաշած տալ։ Լոբին սիմետրի կլոր չէ և նույնպես վտանգավոր չէ։ Վտանգ է ներկայացնում միայն սիսեռը, այն պետք է բաժանել 2 մասի կամ տրորել։
  • Երեխային առաջարկեք ամեն տեսակի ուտելիք (կոշտ/փափուկ, թարմ/եփված): Որոշ ծնողներ նախընտրում են սկզբնական շրջանում միայն խաշած սնունդ տալ, սակայն ավելի ճիշտ է համարվում ի սկզբանե տարբեր տեսակի սննդի սովորելը։
  • Երբեք երեխային մենակ մի թողեք առանց վերահսկողության ուտելիքի հետ միասին
  • Ուշադրությունը շեղող ոչինչ մի միացրեք (հեռուստացույց, պլանշետ, խաղալիքներ), որ երեխան կենտրոնանա միայն սննդի վրա, ուշադրությունն այլ բանի վրա շեղված սխալ ոչինչ չանի։
  • վստահեք Ձեր երեխային։ Որձկալու ռեֆլեքսը ստեղծված է խեղդվելուց պաշտպանելու համար։ Հանգիստ եղեք։ Եթե Դուք հանգիստ լինեք, որեխան նույնպես հանգիստ կլինի, եթե Դուք խուճապի մատնվեք, երեխան նույնպես խուճապի կմատնվի։
  • Սովորեք առաջին օգնություն ցուցաբերել։ Դա շատ կարևոր է իմանալ անկախ նրանից, թե ինչպես եք ներմուծում հավելյալը։